Posted in հայոց լեզու 7

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

Առաջադրանքներ:

1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:
Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը: Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին` խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:

2. Հոլովել բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի բառերը:
Բանաստեղծ – բանստեղծ, բանաստեղծի, բանաստեղծին, բանաստեղծը, բանաստեղծից, բանաստեղծով, բանաստեղծի մեջ
Փողոց – փողոց, փողոցի, փողոցին, փողոցը, փողոցից, փողոցով, փողոցում
Նավ – նավ, նավի, նավին, նավը, նավից, նավով, նավում
Ծերունի – ծերունի, ծերունու, ծերունուն, ծերունին, ծերունուց, ծերունիով, ծերունու մեջ

Posted in գրականություն 7

Աշուն է , աշուն

Ընթերցարանում տեղ են գտել հայ բանաստեղծների ստեղծագործությունները աշնան մասին: Նախատեսված է 7-րդ դասարանի սովորողների համար: Շարքից սովորողները ընտրում են բանաստեղծություններ, սովորում բերանացի, ձայնագրվում կամ տեսագրվում:

Կոմիտաս

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​

Հովհաննես Թումանյան

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Համո Սահյան
Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:



 Համո Սահյան
Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Վահան Տերյան
Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…

Համո Սահյան
Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Եղիշե Չարենց
Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Եղիշե Չարենց
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Աշուն է, անձրև, Վահան Տերյան

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…